ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խախտվում է մարդկանց կենտրոնական նյարդային համակարգը

Խախտվում է մարդկանց կենտրոնական նյարդային համակարգը
20.06.2008 | 00:00

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՂՄՈՒԿՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է, ՔԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
Վերջին տարիներին Երևան քաղաքի 540 կետերում ՀՀ առողջապահության նախարարության «Ակուստիկա» հանրապետական գիտական կենտրոնի կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ տիրող աղմուկն ու դրա տարեկան աճի մեծությունն աշխարհի մեծ քաղաքների համեմատությամբ անհամեմատ բարձր է: Հատկապես բնակելի զանգվածներում և մայրուղիների շրջակայքում այն գերազանցում է թույլատրելի չափանիշերը` հասնելով 80-90 դեցիբելի:
Կենտրոնի փորձագիտական խմբի վերջերս անցկացրած սոցիոլոգիական հարցումներից, որում ընդգրկվել են Երևանի 986 բնակիչներ, պարզվել է, որ նրանց մոտ 92 տոկոսը զրկված է անդորրից: Աղմուկը նրանց հետապնդում է ամենուրեք` տանը, դրսում, հանգստի գոտիներում և հասարակական վայրերում: Հարցվածների մեծ մասը գանգատվել է նաև ընդհանուր նյարդային վիճակի, գլխացավի, քնի և հաղորդակցական խանգարումների հետ կապված գործոններից:
-Աղմուկի երկարատև ազդեցությունից խախտվում է մարդկանց կենտրոնական նյարդային համակարգը, ինչը դառնում է նևրոզների, լսողական ֆունկցիայի, նույնիսկ հոգեկան խանգարումների պատճառ,- զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Ակուստիկա» գիտական կենտրոնի տնօրեն, բժշկակենսաբանական ակադեմիայի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Այդ առումով լուրջ խնդիրներ ունեն աշխարհի շատ երկրներ: Այսպես, Անգլիայում բարձր աղմուկի պատճառով յուրաքանչյուր երրորդ կինն ու չորրորդ տղամարդը տառապում են նևրոզով: Իսկ Ֆրանսիայում հոգեբուժական հիվանդանոցի յուրաքանչյուր հինգերորդ հիվանդ այցելուն բանականությունից զրկվել է բարձր աղմուկի պատճառով: Փարիզի Օռլի արվարձանում, որտեղ գտնվում է Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանը, քաղաքի մյուս շրջանների համեմատությամբ յոթ անգամ ավելի է նյարդային համակարգը հանգստացնող դեղամիջոցների վաճառքը: Գերմանիայի առողջապահության դաշնային նախարարության կողմից հաստատված է, որ իրենց երկրում աղմուկն անհանգստացնում է յուրաքանչյուր երրորդ բնակչին: Աղմուկը 100-ից 30-ի դեպքում 8-12 տարով կրճատում է մարդու կյանքի տևողությունը: Ավստրիացի հետազոտող Գրիֆիտի տվյալներով այն նաև վաղաժամ ծերանալու պատճառ է հանդիսանում:
-Վիճակը մխիթարական չէ նաև Երևանում,- նշեց տնօրենը: Վերջին երկու տարում տրանսպորտի և շինարարության հետ կապված աղմուկը խիստ ավելացել է (տարեկան մինչև 2 դեցիբելով): Օրինակ, Բաղրամյան, Մխիթար Հերացու փողոցներում, Մաշտոցի պողոտայում ցերեկվա ժամերին այն հասնում է շուրջ 95 դեցիբելի (թույլատրելի նորման` մինչև 65 դբ):
ՀՀ առողջապահության նախարարության սանէպիդ վարչությունն էլ այսօր բազմաթիվ բողոք-նամակներ է ստանում քաղաքացիներից` հատկապես բնակելի շենքերի առաջին հարկերում գործող բար-ռեստորաններից, սրահներից, կանգառների գովազդային հոլովակներից հնչող աղմուկի կապակցությամբ, որը գիշերվա ժամերին գերազանցում է անգամ 40-50 դեցիբելը (նորման` 30 դբ):
-Ասենք,- ավելացրեց մեր զրուցակիցը,- որ աշխարհի մեծ քաղաքների բնակելի շենքերը, որոնք հիմնականում տեղակայված են վարչական կենտրոնների մոտակայքում, կառուցապատվում են համեմատաբար հաստ պատերով և ունեն բազմաշերտ պատուհաններ, ինչի շնորհիվ կանխվում են ձայնաներխուժումն ու ներթափանցումը բնակարան: Մինչդեռ Երևանի փողոցներին հարող, տուֆակերտ, տիպարային, բարակ պատերով բնակելիներն ի զորու չեն շենքերում ապահովելու անգամ 18-20 դեցիբել ձայնամեկուսացում: Ավելին, մեծ քաղաքներում հինգ տարին մեկ կազմվում են աղմուկի քարտեզներ, որոնց միջոցով հետագայում կարգավորվում են փողոցներում և որոշ օբյեկտներում նորմայից ավելի գրանցված աղմուկի չափանիշերը, մի բան, որ մեզանում չի արվում:
Ի դեպ, մեզանում ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների հանրապետական գիտական կենտրոնը մինչև 1991 թվականը Հայաստանի քաղաքներում վերահսկում էր աղմուկի աղբյուր հանդիսացող օբյեկտներն ու ձեռնարկում սանիտարական կանխարգելիչ գործողություններ, սակայն հետագայում ֆինանսավորում չստանալու պատճառով այդ հետազոտությունները դադարեցվեցին: «Ակուստիկայի» կենտրոնում ևս 1976 թ. ստեղծվեց Երևանի աղմուկի առաջին և միակ քարտեզը, որում կարմիրով ուրվագծված Մխիթար Հերացու փողոցում և Մաշտոցի պողոտայում համապատասխան միջոցառումներ անցկացվեցին, որոնք նպաստեցին աղմուկի վերացմանը: Իսկ Աբովյան պուրակին հարող փողոցը, որտեղ գտնվում է մանկական հիվանդանոցը, կենտրոնի առաջարկով փակվեց:
-Ցավոք, հետագա տարիներին և այսօր էլ, առողջության վրա աղմուկի բացասական ազդեցությունների դեմ պայքարի ոչ մի քաղաքականություն չի մշակվել,- ասաց պարոն Առաքելյանը, ընդգծելով, որ օրվա հրամայականը պահանջում է, որ առողջապահությանը վերաբերող օրենքներում քաղաքների պլանավորման և արդյունաբերական գործընթացների որոշակիացման ժամանակ այս խնդրին լուրջ ուշադրություն դարձվի:
Նրա ասելով` կենտրոնի մասնագետներն արդեն մշակել և ներկայացրել են աղմուկի դեմ հետազոտությունների անցկացման հատուկ ծրագիր, որով առաջարկվում է միջազգային չափագիտական և էլեկտրոնային սարքավորումների, ձայնամեկուսացված հակաարձագանքային խցիկների, ինչպես նաև հիգիենիկ, ֆիզիոլոգիական, կենսաֆիզիկական և տեխնիկական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրել աղմուկի կենսաբանական ազդեցության հետևանքները մարդկանց և կենդանիների վրա: Հանրապետության մի շարք ձեռնարկություններում տիրող արտադրական աղմուկը նվազեցնելու նպատակով ծրագրում առաջարկվել են ճարտարապետաշինարարական ակուստիկայի ժամանակակից հնարավորությունների կիրառում, լաբորատոր եղանակով մշակված և աղմուկի նորմատիվները կարգավորող, կանխարգելող սաքավորումների ներդրում: Ներգործող աղմուկի գումարային չափի ցուցանիշներից ելնելով մշակվել են նաև սանիտարահիգիենիկ, լսողական, կենտրոնական նյարդային, սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ տեղաշարժերը գնահատող նորմատիվներ: Նախատեսվում է զուգահեռաբար կազմել աղմուկի տարածքային քարտեզներ, ուսուցման ձեռնարկներ, շարունակել զանգվածային հարցումների անցկացման պրակտիկան: Ծրագրում առաջարկվում է նաև գործողության մեջ դնել փոփոխական աղմուկների օպերատիվ գնահատման կայանքը:

Աստղիկ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Դիտվել է՝ 11617

Մեկնաբանություններ